Էկվադորի Գալապագոսյան կղզիներում կենդանաբանները հայտնաբերել են հսկա ցամաքային կրիաների նոր տեսակ։ Նրանց անվանել են Chelonoidis donfaustoi, ի պատիվ Ֆաուստո Լիերենայի, ով հոգ էր տանում լեգենդար Միայնակ Ջորջի մասին։ Սանտա Քրուս կղզում մասնագետներին հաջողվել է նույնականացնել գենետիկորեն տարբերվող 2 հսկա կենդանատեսակ, որոնց գենոմը չի խաչասերվում արշիպելագի մյուս կրիաների հետ, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Էկվադորի բնական պաշարների նախարարության տվյալներով՝ Սանտա Քրուսում ապրում է մոտ 250 կրիա։
Նշենք, որ Միայնակ Ջորջ կոչում էին գալապագոսյան մի կրիայի, որը մահացել էր 2012թ., երբ ենթադրաբար արդեն 100 տարեկան էր։
19-րդ դարի վերջում Գալապագոսյան կղզիներում մեծ թվով կրիաներ էին ապրում, սակայն այն բանից հետո, երբ ձկնորսներն ու նավաստիները սկսեցին որսալ նրանց, նրանց թվաքանակը զգալի պակասել է։





























