Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հոկտեմբերի 21-ին ինքնասպանության փորձ կատարած 29-ամյա Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն ոստիկանությունը բերման է ենթարկել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ դեպքի վերաբերյալ մանրամասներ կհաղորդվեն հետաքննությունից հետո:
Ավելի վաղ NEWS.am-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 21-ին օրվա երկրորդ կեսին դեսպանության անվտանգության աշխատակիցները նկատել են, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնության 29-ամյա քաղաքացին չարտոնված կերպով ներխուժել դեսպանության տարածք, նրա մոտ ակնհայտ անհավասարակշռության նշաններ են նկատվել:
Ոստիկանության փոխանցմամբ էլ, հոկտեմբերի 21-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը 29-ամյա հայ տղամարդ է փորձել ինքնասպանություն գործել: Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ հայ տղամարդը սպառնացել է ինքնավնասել իրեն: Բարեբախտաբար, տղամարդը մտադրությունը ավարտին չի հասցրել:





























