Լիբանանում դիվանագիտական ծառայություն իրականացնելիս իմ բնակարան ֆոսֆորային ռումբ էր ընկել։ Այս մասին МGIMO-Journal-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո նա հայտնվել էր Լիբանանում, որտեղ քաղաքացիական պատերազմ էր ընթանում։
«Ինչ-որ պահի իրավիճակը սրվեց։ Դեսպանատան տարածքում պարբերաբար արկեր էին ընկնում, իմ բնակարան ֆոսֆորային ռումբ էր ընկել, որն այնտեղ մեկ շաբաթ մարում էր։ Խորհրդային դեսպանատան գրեթե ողջ կազմը տարհանվել էր, մնացել էր դիվանագետների մի խումբ շատ իմաստուն մի մարդու՝ դեսպան Ալեքսանդր Ալեքսեեւիչ Սոլդատովի ղեկավարությամբ»,- ասել է Նալբանդյանը։
Նրա խոսքով՝ խորհրդային դիվանագետները հաճախ աշխատում եւ ապրում էին նկուղում, որը միաժամանակ ռումբերից պաշտպանվելու վայր էր։ «Տրամադրությունը բարձր պահելուն նպաստում էին ֆիլմերը։ Լինում էր «Անապատի սպիտակ արեւը» մեկ երեկոյի ընթացքում մի քանի անգամ նայում էինք... Եվ ռմբակոծության ժամանակ, ինտենսիվ կրակի տակ ստիպված էինք շարունակել աշխատանքը։ Ես շատ անգամներ հանձնարարություն կատարելու համար գնում էի քաղաքի մյուս մասը՝ անցնելով բլոկպոստեր, տարբեր խմբերի պահակաջոկատներ... Դեսպան Սոլդատովը մի անգամ մեզ ասաց. «Երբ այս ամենը ավարտվի, ոչ ոքի չպատմեք, որովհետեւ նա, ով դրա միջով չի անցել, դժվար հասկանա»։ Կարծում եմ, որ նա իրավացի էր։ Ես նախընտրում եմ այդ մասին շատ չխոսել»,- նշել է Նալբանդյանը։




























