«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում նախատեսվում է իրականացնել կադրային փոփոխություններ եւ տեղափոխություններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը:

«Ինչպես բոլորին հայտնի է, 2015թ. հոկտեմբերի 16-ից «Տաշիր» ընկերությունների խումբն ամբողջոըթյամբ վերցրել է ՀԷՑ-ի կառավարման պարտականությունները: Բացի մի շարք փոփոխություններից, որ սպառողը զգալու է, նախատեսված է իրականացնել կադրային փոփոխություններ, տեղափոխություններ եւ այլն: Այս փուլում խոսքը ղեկավար կազմի փոփոխության մասին է: Մի քանի մասնաճյուղեր միավորվում են, օրինակ, Երեւանում չորս մասնաճյուղի փոխարեն մեկն է լինելու, որն ապահովելու է առավել արդյունավետ վերահսկողություն եւ կառավարում»,- ասաց Նատալյա Սարջանյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ փուլում ստուգվելու են յուրաքանչյուր աշխատողի մասնագիտական որակներն ու հմտությունները: Եթե աշխատողը կհամապատասխանի պահանջներին, կմնա, հակառակ պարագայում կտեղափոխվի այլ աշխատանքի կամ կադրային ռեզերվ:

«Սոցիալական բաղկացուցիչ կա, որը մենք հաշվի ենք առնելու: Եթե շարքային աշխատողը տեղափոխվի կադրային ռեզերվ, մինչեւ նոր աշխատանքի անցնելը, առնվազն մեկ տարի իր հաստիքային աշխատավարձն ամբողջությամբ ստանալու է»,- նշեց ՀԷՑ-ի մամուլի խոսնակը:

Նա հայտնեց նաեւ, որ էլեկտրական էներգիայի հաշվիչները միանալու են մեկ ընդհանուր ցանցին, ստեղծվելու է ավտոմատ համակարգ, որից հետո այլեւս  տեսուչների անհրաժեշտություն չի լինի: