Հնդկաստանի Ջոդհփուր քաղաքում մեկ տարեկան հասակում ամուսնացած Սանտադեւի Մեգհվալը կարողացել է լուծարել ամուսնությունը 19 տարեկանում։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։

1997թ. 11-ամսական Մեգհվալի եւ 9-ամյա Սանվալ Ռամի միջեւ կնքած միությունը աղջկա բազմաթիվ դիմումներից հետո չեղյալ է հայտարարվել ընտանեկան հարցերով դատարանի կողմից։ Հաղորդվում է, որ դատական քաշքշուկը տեւել է 2 տարի։

Իր ամուսնության մասին հնդկուհին իմացել էր 2013թ., երբ նրա հորը հայտնել էին, որ աղջիկը պետք է տեղափոխվի ամուսնու տուն ապրելու։ Աղջիկը ցանկացել էր խզել ամուսնությունը, չնայած ծնողները դեմ էին դրան։ Դրա համար Մեգհվալի վրա 1.6 մլն ռուփի (23 հազար եվրո) տուգանք էր դրվել, բացի այդ, նրան վտարել էին համայնքից հնագույն ավանդույթները չհարգելու համար։

Իրավական պայքար մղելիս աղջկան օգնել են Saarthi Trust կազմակերպության ակտիվիստները, որոնք 2012թ. Հնդկաստանում 27 նման ամուսնություն էին լուծարել։

Հիմա աղջիկը պլանավորում է ուսուցչուհի դառնալ եւ աշխատել տեղի դպրոցում, փոխանցում է Lenta-ն։