Հոկտեմբերի 25-ին ամերիկյան Մասաչուսեցի նահանգի Վուսթեր քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ:
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ մանկական երկու երգչախումբ հանդես կգան տեղի «Master Singers of Worcester» երգչախմբի հետ: Ավելին, երիտասարդ երգիչները կկատարեն միայն հայերեն ստեղծագործություններ, տեղեկացնում է telegram.com կայքը:
Կիրակնօրյա պատարագի ընթացքում արքեպիսկոպոս Հայկազյանը կսրբագործի Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների սրբապատկերի պատճենը: Սրբապատկերը ներկայացվել էր ապրիլի 23-ին Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ընթացքում:
Նշենք, որ Վուսթերի հայ համայնքը ԱՄՆ ամենահին հայ համայնքներից մեկն է համարվում: Սուրբ Փրկչի հայ եկեղեցին քաղաքում կառուցվել է 1890-ին եւ սրբագործվել 1891-ին: Այն Արեւմտյան կիսագնդում կառուցված առաջին հայկական եկեղեցին է:





























