Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Վիեննայում կայացած բանակցություններին չորս երկրների մասնակցությունը բավարար չէ՝ միջսիրիական բանակցություններում արդյունավետ արտաքին ուղեկցություն ապահովելու համար: Այս մասին Ավստրիայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի գործընկերների հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, այդ «ուղեկցող խումբը» կարող է կազմված լինել 12 երկրներից:

«Այսօր քառյակն ամենեւին էլ քառյակ չէ, որը զավթում է բոլոր ջանքերը: Ավելին, մենք հանդիպումը սկսել եւ ավարտել ենք այդ հարցի քննարկմամբ: Այդ քառյակն ակնհայտորեն բավարար չէ՝ միջսիրիական բանակցություններում արդյունավետ արտաքին ուղեկցություն ապահովելու համար»,- ասել է Լավրովը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ նշել է, որ խմբում պետք է ներկայացված լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները, այլ ոչ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ինչպես նաեւ տարածաշրջանի պետություններ, Սաուդյան Արաբիայից եւ Թուրքիայից բացի՝ նաեւ Եգիպտոսը, Իրանը, Քաթարը, ԱՄԷ-ն, Հորդանանը: