Եգիպտոսի իշխանությունները մտադիր են շարունակել բուրգերի ուսումնասիրությունները: Դրա համար նրանք մտադիր են տիեզերական ճառագայթներով սքանավորել հնագույն դամբարանները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Եգիպտոսի մշակութային ժառանգության եւ հնագույն հուշարձանների նախարար Մամդուհ Ադ Դամաթին:
Հետազոտությունը անցկացվելու է տիեզերական մյուոնների հոսքի գրանցման հիման վրա: Նախկինում այդ մեթոդն օգտագործվել էր Մեքսիկայի եւ Բելիզի բուրգերի ներսն ուսումնասիրելու համար:
«Բուրգերը նախկինում էլ են ուսումնասիրվել, սակայն առաջին անգամ այդ հետազոտությունը կանցկացվի նորագույն տեխնոլոգիաների միջոցով: Մեզ այդ գործում կօգնեն ճապոնացիները», — ասել է նախարարը:
Նախարարը վստահ է, որ բուրգերը մինչեւ հիմա խորհրդավոր գաղտնիքներ են պարունակում, այդ թվում՝ նրանց կառուցման գաղտնիքը:
Աշխատանքները պլանավորում են սկսել եկող ամիս:





























