Եգիպտոսի հարավում՝ Արքաների հովտում գտնվող Թութանհամոն փարավոնի դամբարանի կեղծ պատից այն կողմ կարող է լինել ոչ միայն թագուհի Նեֆերտիտիի, այլ նաեւ նրա կնոջ կամ մոր դամբարանը: «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եգիպտոսի հնագույն հուշարձանների եւ մշակութային ժառանգության նախարար Մամդուհ ադ Դամաթին:
Եգիպտացի հնագետները մտադիր են մինչեւ 2015թ. վերջը ստուգել բրիտանացի գիտնական Նիկոլաս Ռիվզի այն սենսացիոն պնդումը, թե Նեֆերտիտիի դամբարանը հնարավոր է գտնվում է Թութանհամոն փարավոնի դամբարանի կեղծ պատից այն կողմ:
«Փաստ չէ, որ դա կլինի Նեֆերտիտիի դամբարանը: Մենք մինչեւ օրս չենք գտել Թութանհամոնի թագավորական ընտանիքի կանանց դամբարանները՝ նրա մոր, ավագ քրոջ եւ կնոջ: Նրանց դամբարանները չեն հայտնաբերվել Արքաների հովտում, այդ պատճառով չի բացառվում այն տարբերակը, որ դրանք հենց նույն դամբարանում են»,- ասել է Ադ Դամաթին:
Եկող ամիս մասնագետները կսկսեն ռադարների միջոցով ուսումնասիրել դամբարանը, որպեսզի վստահ լինեն, որ պատից այն կողմ եւս մեկ սենյակ կա:
Բրիտանացի հնագետ Նիկոլաս Ռիվզը որոշ ժամանակ առաջ տեսություն էր առաջ քաշել այն մասին, որ Հին Եգիպտոսի հզորագույն եւ ամենագեղեցիկ թագուհիներից մեկի՝ Նեֆերտիտիի դամբարանը կարող է գտնվել Լուքսորում Թութանհամոնի դամբարանի կեծ պատից այն կողմ: Գիտնականը կարծում է, որ 19-ամյա փարավոնի հանկարծակի մահից հետո նրան թաղել էին խորթ մոր դամբարանում, քանի որ նրա սեփականը կառուցել չէին հասցրել:





























