WT1190F կոդով հայտնի խոշոր տիեզերական աղբի մի կտորը, որը իրենից ներկայացնում է հրթիռից պոկված մասնիկ, Երկիր մոլորակի վրա կընկնի նոյեմբերի 13-ին Շրի Լանկա կղզու հատվածում, հայտնում է ЕКА-ն։
WT1190F-ը հայտնաբերվել էր 2013թ. փետրվարին։ Երկրի «արհեստական արբանյակը» որոշ ժամանակ անց անհետացել էր, եւ աստղաբանները կարծում էին, թե այն այլեւս չի վերադառնա Երկրի ուղեծիր։
Այս տարվա հոկտեմբերին Catalina Sky Survey նախագծի շրջանակներում Երկիր մոլորակի մոտակա տիեզերական տարածքն ուսումնասիրող եվրոպացի գիտնականները անսովոր բացահայտում էին արել։ Նրանք տեսել էին տարօրինակ մի առարկա, որն արագորեն մոտենում էր Երկրին։ Մարմինը չէր պատկանում գիսաստեղերի ոչ մի խմբին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն»։
Շարունակելով դրա ուսումնասիրությունը՝ Նորդվիկում երկրամերձ մարմիններն ուսումնասիրող ծառայության աշխատակից Գերհարդ Դրոլսհագենը բացահայտել էր, որ գործ ունի անհետացած WT1190F-ի հետ։
Նոր հետազոտությունները եւ հին լուսանկարները գիտնականներին օգնել են պարզել, թե որ ուղղությամբ է շարժվում տիեզերական աղբի այդ կտորը։ Նրանց հաշվարկներով այն Երկրին կբախվի 2015թ. նոյեմբերի 13-ին Երեւանի ժամանակով ժամը 10։20-ի սահմաններում։ Այն վայր կընկնի Շրի Լանկայից 100 կմ հեձռավորության վրա։
Ըստ Դրոլսհագենի՝ 1-2 մ երկարությամբ այդ «երկնային մարմինը» ամբողջովին կհալվի մթնոլորտում։ Սակայն նա չի բացառում, որ դրա մի կտորը կարող է հասնել Հնդկական օվկիանոսի մակերեւույթին։



























