Բրիտանացի գիտնականները գենետիկորեն մոդիֆիկացված նոր լոլիկ են մշակել, որի պտղամիսը մեծ քանակությամբ ռասվերատրոլ՝ կարմիր գինու հզոր հակաօքսիդանտ է պարունակում, որն ունակ է դանդաղեցնել ծերացման գործընթացը եւ Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։
«Բժշկության համար կարեւոր բույսերը հաճախ դժվար է լինում աճեցնել, եւ դրանք սովորաբար եկար ժամանակ են պահանջում անհրաժեշտ նյութերն արտադրելու համար։ Մեր հետազոտությունը ֆանտաստիկ հնարավորություններ է տալիս այդ օգտակար նյութերը լոլիկներում արագ աճեցնելու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի Ջոն Իննեսի անվան կենտրոնի գիտնական Յան Ժանը։
Ժանն ու նրա գործընկերները սովորական մշակաբույսերի օգնությամբ բիոքիմիկատների եւ դեղորայքների արտադրության առաջին կարեւոր քայլն են արել։ Նրանք ուսումնասիրել են Arabidopsis thaliana կոչվող բույսը, որը կաղամբի վայրի ազգականն է։
Այդ բույսի գենոմը պարունակում է AtMYB12 գենը, որն ունի սպիտակուցներ հավաքելու հրահանգներ, որոնք կառավարում են այն, թե բույսի բջիջներն այդ գենի հետ շղթայված որքան նյութ կհավաքեն։
Հոդվածի հեղինակները ԴՆԹ-ի այդ հատվածը տեղադրել են սովորական լոլիկի գենոմի մեջ եւ այդպիսով մոդիֆիկացրել այնպես, որ այն պտուղների բջիջներին խթանի արտադրել 2 կարեւոր նյութ՝ հակաօքսիդանտներ ռասվերատրոլ եւ գենիստեին։ Այս նյութերը հանդիպում են նաեւ խաղողի, լոբազգիների մոտ։ Գիտնականները հանել են նրանց միջից այդ սինթեզի համար պատասխանատու գենը եւ պատվաստել լոլիկի գենոմի մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես ցույց են տվել առաջին փորձերը, այդ լոլիկներն ունակ են արտադրել արդյունաբերական քանակությամբ դեղամիջոցներ. օրինակ մեկ լոլիկում պարունակվում է այնքան ռասվերատրոլ, որքան կա 50 շիշ կարմիր գինու մեջ, եւ այնքան գենիստեին, որքան պարունակում է 2.5 կգ լոբին։




























