Իտալական Բոլցանո քաղաքի «Մուզեոն» ժամանակակից արվեստի կենտրոնի հավաքարարները սխալմամբ ոչնչացրել են ցուցահանդեսը: Ինչպես գրում է The Local -ը, նրանք ներկայացված ցուցանմուշները շփոթել են հավաքույթի հետեւանքների հետ:

Պարբերականի տվյալներով, ուրբաթ լույս շաբաթ գիշերը՝ հոկտեմբերի 24-ին, «Մուզեոն» կենտրոնի տարածքում հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել, իսկ հավաքարարների անձնակազմի հերթափոխը սկսվել էր կիրակի առավոտյան: Աշխատանքի եկած հավաքարարները հատակով մեկ թափած դատարկ շշեր, ծխախոտի մնացորդներ, կոնֆետի ու նույնիսկ կոշիկ ու հագուստ էին հայտնաբերել: Տեսնելով այդ ամենը՝ նրանք որոշել էին կարգի բերել տարածքը:

Սակայն հետագայում պարզվել է, որ այդ քաոսը ոչ թե բուռն գիշերվա հետեւանք էր, այլ ժամանակակից արվեստի ցուցահանդես՝ «Մենք պատրաստվում էին ամբողջ գիշեր պարել» խորագրով: Ցուցահանդեսը, հեղինակների մտահղացմամբ, պետք է հանդիսատեսին մտովի փոխադրեր՝ 1980 ականներին իտալացի քաղաքական գործիչների կազմակերպած սանձարձակ հավաքույթները, հայտնում է Lenta-ն:

«Մենք բնականաբար նախազգուշացրել էինք հավաքարարներին, որպեսզի նրանք ցուցանմուշները չհավաքեն: Մենք նրանց ասել էինք, որ պետք է կարգի բերել զբոսասրահը, քանի որ ուրբաթ երեկոյան միջոցառումը հենց այդտեղ էր անցել: Ըստ երեւույթին նրանք ինստալյացիան շփոթել են զբոսասրահի հետ»,- պատմել է պատկերասրահի հսկիչ Լետիցիա Ռագագլիան:

The Local –ը նշում է, որ ցուցահանդեսն ամբողջովին չի ոչնչացվել: Հավաքարարներն իրենց սխալը հասկացել են արդեն երբ աղբը տեղավորել էին ապակու ու պլաստիկի համար նախատեսված տոպրակներում, բայց դեռ չէին հասցրել թափել այն: Ռագագլիան խոստացել է լուսանկարների միջոցով վերականգնել ինստալյացիան: