Աճուրդի է հանվել արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի՝ 2011 թվականին կայացած հարսանեկան ընթրիքի ճաշացանկը: Առցանց-աճուրդն անցկացնելու է Nate D. Sanders աճուրդի տունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին: Մեկնարկային գինը 650 ֆունտ սթեռլինգ է:

Պսակադրության արարողությանը 1900 մարդ է ներկա եղել, սակայն հարսանեկան ընթրիքին հրավիրված են եղել նորապսակների 300 ընկերներն ու հարազատները:

Ճաշացանկը տպագրված է բացիկի վրա՝ զարդարված ծաղկային զարդանախշերով եւ արքայազն Չարլզի խորհրդանիշով. ջայլամի երեք փետուրներով, թագով եւ Ich dien («Ես ծառայում եմ») բառերով:

Վաճառքի հանված ճաշացանկը հյուրերից մեկինն է: Աճուրդը կայանալու է հոկտեմբերի 29-ին: