Դոնեցկի «Շախտյոր» տեղափոխվելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը զրուցել է ակումբի մամուլի ծառայության հետ: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:
Ի՞նչ հույզեր կան «Շախտյորի» հետ պայմանագիր կնքելուց հետո:
Սա շատ կարեւոր էր ինձ համար: Կարեւոր փուլ է կատարելագործման եւ մեծ ֆուտբոլի ճանապարհին: Դոնեցկի «Շախտյորն» ուժեղ թիմ է, եւ ինձ համար կարեւոր է պայքարել հիմնական կազմում ընդգրկվելու համար:
Չեմպիոնների լիգայում «Շախտյորի» ընդգրկված լինելը վճռորո՞շ դեր ունեցավ պայմանագիր կնքելու համար, թե՝ մասամբ:
Չեմպիոնների լիգան շատ կարեւոր է: Յուրաքանչյուր խաղացող երազում է մասնակցել նման մակարդակի հանդիպումների, երազում է խաղադաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի օրհներգի ներքո... Բայց խաղալ այդ մրցաշարում ոչ միայն հաճելի է, այլ նաեւ դժվար է:
Ի՞նչ սպասելիքներ ունես «Շախտյորի» մեկնարկային հանդիպումներից:
Սպասելիքներս մեծ են: Իհարկե, չի կարելի է համոզված լինել, որ մշտապես խաղալու ես հիմնական կազմում: Հարկավոր է առաջին հերթին լավ դրսեւորվել մարզումներին մեկնարկային կազմում տեղ վաստակելու համար:
Նոր ակումբում քեզ ուժեղ մրցակցություն է սպասվում...
Ես դա հասկանում եմ: Բայց ես միշտ պատրաստ եմ պայքարել եւ դիմանալ մրցակցությանը, քանի որ դա օգուտ կտա եւ ինձ, եւ թիմին: «Մետալուրգի» թիմակիցներս, միգուցե, մի փոքր տխրել են իմ հեռանալու պատճառով, բայց ես շնորհակալ եմ նրանց, որ ինձ հաջողություն մաղթեցին նոր թիմում, նոր «ֆուտբոլային կյանքում»:
Արդեն կողմնորոշվե՞լ ես, թե որ համարի մարզաշապիկով ես խաղալու:
Այո, արդեն վերցրել եմ 22 համարը:




























