ՌԴ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո-2» օդանավակայանում վայրէջք է կատարել Սինայի թերակղզում Airbus A321 օդանավի ավիավթարի զոհերի մարմինները տեղափոխող «Իլ-76» օդանավը: Ռուսաստանի ԱԻՆ-ին պատկանող օդանավը Կահիրեից օդ է բարձրացել կեսգիշերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ օդանավը Սանկտ Պետերբուրգ է հասցրել աղետի հետեւանքով մահացած 144 ուղեւորների մարմիններ: Ավելի վաղ նշվել էր, որ զոհերի մարմինները կտեղափոխվի Սանկտ Պետերբուրգի դիահերձարան, որտեղ էլ տեղի կունենա նրանց ինքնությունը պարզելու գործընթացը:
Ռուսաստանի ԱԻՆ-ից հայտնել են, որ զոհերի մարմիններ տեղափոխող հաջորդ օդանավը «Պուլկովո»-ում կլինի այսօր՝ նոյեմբերի 2-ին երեկոյան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ Airbus-321 օդանավը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ: Թռիչքից 23 րոպե հետո կապն օդանավի հետ կտրվել է եւ այն անհետացել է ռադարների տեսադաշտից: Մի քանի րոպե անց օդանավն ընկել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ, բոլորն էլ մահացել են:





























