Սանկտ Պետերբուրգում Դատաբժշկական փորձաքննության գրասենյակի փորձագետ քրեագետները սկսել են Եգիպտոսում կործանված ռուսական օդանավի զոհերի մարմինների ուսումնասիրման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ֆոնատկա» կայքը։
Նշվում է, որ փորձագետները ավարտին կհասցնեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները, ինչից հետո մարմինները կուղարկվեն դիահերձարան, որտեղ առաջիկա ժամերի ընթացքում տեղի կունենա հարազատների կողմից զոհերի ինքնության հաստատման ընթացակարգը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ ԱԻՆ ԻԼ-76 օդանավը Ռուսաստան է տեղափոխել ավիաաղետի 144 զոհերի մարմինները։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։





























