ՌԴ ԱԻՆ երկրորդ օդանավը Սինայի թերակղզուց՝ ռուսական օդանավի աղետի վայրից զոհերի մարմինները Սանկտ Պետերբուրգ կտեղափոխի երկուշաբթի երեկոյան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱԻՆ ավիացիոն-փրկարարական դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Սվետելսկիին։
«Տեղական ժամանակով ժամը 20։00-ին Կահիրեից դուրս կգա զոհերի մարմինները տեղափոխող երկրորդ օդանավը»,- հայտնել է նա։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։





























