Հայ Հեղափոխական դաշնակցությունն այսօր՝ նոյեմբերի 2-ին, բացելու է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի հիմնադրամը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով իրենց քաղաքական ուժի քարոզարշավին, որն արդեն մեկնարկել է։
«Մենք մոտ հարյուր շտաբներ ենք բացելու մարզերում։ Երեկ բոլոր մարզային շտաբների ղեկավարների հետ հանդիպում ենք ունեցել մայրաքաղաքում, իսկ այնուհետեւ արդեն երեւանյան շտաբների ղեկավարների հետ։ Մենք նախատեսում ենք երեք-չորս հանդիպումներ մարզերում։ Այդ հանդիպումները սկսելու են հենց առաջիկա շաբաթ-կիրակի օրերին»,- ասաց Աղվան Վարդանյանը։
ՀՅԴ-ն ստեղծել է հինգ քարոզչական խումբ, որոնք ղեկավարելու են Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Լեւոն Մկրտչյանը, Արսեն Համբարձումյանը եւ Աղվան Վարդանյանը։ Վերջինիս խոսքով՝ սպասվում են հանդիպումներ նաեւ մայրաքաղաքում ոչ միայն դահլիճային ձեւաչափով, այլ մասնագիտական խմբերի հետ։
Նշենք, որ ՀՅԴ-ն կողմ է Սահմանադրական փոփոխություններին եւ քարոզելու է քաղաքացիներին՝ կողմ քվեարկել հանրաքվեին։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։





























