Սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվող ՀՅԴ-ի հիմնավորումներն ավելի հզոր են, քան մյուս քաղաքական ուժերինը։ Այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ հենց այդ պատճառով էլ իրենք քարոզարշավն առանձին են իրականացնում։

«Մեր հիմնավորումներն էականորեն տարբերվում են մյուս քաղաքական ուժերի հիմնավորումներից։ Մենք առանձին քաղաքական ուժ ենք, ընդդիմադիր ենք, իհարկե, կան մի քանի ուժեր, որոնք նույնպես կողմ են Սահմանադրական փոփոխություններին, սա չի նշանակում՝ մեկ տեղում պիտի հավաքվենք եւ միասին քարոզենք։ Մեր հիմնավորումներն ավելի հզոր են, քան նույնիսկ ՀՀԿ-ինը»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ իրենք միշտ եղել են առանձին ուժ եւ երբեք չեն լինելու ոչ մի քաղաքական ուժի սպասարկող ուժ։

Նշենք, որ խմբակցություններից Սահմանադրական փոփոխություններին կողմ են նաեւ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, սակայն ուժերն առանձին քարոզարշավներ են իրականացնում։

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։