Մեզ համար հրեա ժողովրդի փորձը շատ կարեւոր է, Մենք պետք է նույնքան պահանջատեր լինենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի թիվ 195 ավագ դպորցի 12-րդ դասարանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բաց դասի ժամանակ հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մի շարք նախագծեր էր իրականացրել`  հանրակրթական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ արտերկրում: Միջոցառումները շարունակվում են եւ այս շաբաթվա ընթացքում հանրապետության բոլոր ավագ դպրոցներում մեկական դաս կնվիրվի այլ ցեղասպանություններին: Մենք այս ընթացքում արդեն խոսել ենք Հայոց ցեղասպանության մասին, եղել են բաց դասեր՝ համահայկական հռչակագրին նվիրված, «Պատվո պահակ» միջոցառումն ենք կազմակերպել, հայտարարվել է շարադրությունների մրցույթ,  դպորցականներն անմառուկներ են պատրաստել եւ այլն,-  նշել է Արմեն Աշոտյանը եւ հավելել, որ թեպետ ապրիլի 24-ն անցել է, բայց ողջ տարին է խորհրդանշական, եւ անհրաժեշտ է, որ երիտասարդները տեղեկություններ ունենան նաեւ այլ  ազգերի ցեղասպանությունների մասին:

Սկսելով  բաց դասը՝ նախարարը շեշտել է, որ  պատմության դասերը սերտելով հնարավոր է  կանխել անցյալի ուրվականների վերադարձը: «Ես ընտրել եմ Հոլոքոստը, որովհետեւ այն, պատմագիտական տեսանկյունից  Հայոց ցեղասպանության հետ միասին ամենաուսումնասիրված ոճիրն է, մյուս կողմից` քաղաքական իմաստով շատ կարեւոր է բացատրել Հայոց ցեղասպանության եւ  Հոլոքոստի եւ' զուգահետները, եւ' տարբերությունները՝ միջազագային ճանաչման եւ դատապարտման առումով: Մեզ համար հրեա ժողովրդի  փորձը շատ կարեւոր է, մենք պետք է  կարողանանք  նույնքան պահանջատեր լինել միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում, որքան ժամանակին եղել եւ այսօր մնում են մեր հրեա բարեկամները», -շեշտել է  նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով` կապ չունի, թե որ էթնիկ, կրոնական, ռասսայական խմբի դեմ է կատարվում այս կամ այն ոճիրը, որի բարձրակետը ցեղասպանությունն է.  «Ոճիրը մարդկության դեմ է, հետեւաբար` եթե այսօր նման գործողությունների ենթարկվում է մի ժողովուրդ, կրոնական խումբ` ինչպես, օրինակ, եզդիները Իրաքում կամ «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներում քրիստոնյաները, ապա չդատապարտելով, չպատժելով եւ կանխման մեխանիզմներ չստեղծելով որեւէ ժողովուրդ չի կարող հանգիստ ապրել եւ վստահ լինել, որ նույն աղետը չի կրկնվելու»,-¬նշել է  Ա. Աշոտյանը եւ հավելել, որ իր նպատակն է  դասից հետո  երեխաները գնան տուն եւ պատմության այդ  հարցին առնչվող որեւէ գրականություն ընթերցեն: «Պատմության գրավչությունը ոչ այնքան թվերի, անունների մեջ է, այլ ինչո՞ւ, ինչպե՞ս հարցերի պատասխանները որոնելու մեջ»,-ընդգծել է Ա. Աշոտյանը: Նախարարը դասը վարել է  ինտերակտիվ մեթոդով` դասապրոցեսին ներգրավելով նաեւ աշակերտներին, իսկ  դասի ավարտին պատասխանել  է նրանց հարցերին: