Սահմանադրական փոփոխություններն ընդունելու դեպքում՝ ավելի առաջադեմ ու ժողովրդավարական երկիր ենք ունենալու, ավելի խայտաբղետ խորհրդարան: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը` բոլորին կոչ անելով մասնակցել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին եւ կողմ քվեարկել:
Նրա համոզմամբ, Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հնարավորություն է ստեղծում Հայաստանն ավելի ժողովրդավարական, առաջադիմական երկիր դարձնելու համար:
«Դեկտեմբերի 6-ին կարեւոր է առավոտյան շուտ արթնանալ ու ընտրատեղամաս գնալ: Ավելի առաջադեմ ու ժողովրդավարական երկիր ենք ունենալու: Կունենանք ավելի խայտաբղետ խորհրդարան, չնայած հիմա էլ, առանց խորհրդարանական կառավարման համակարգի, այն բազմաբնույթ է»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը:
Լեւոն Մարտիրոսյանի խոսքով՝ խորհրդարանական կուսակցությունները ներքին անկազմակերպվածություն ունեն:
«Կարեւոր է, որ կուսակցություններն այս հարցի շուրջ կոնկրետ դիրքորոշում ունենան: Կան կուսակցություններ, որոնց անդամների մի մասը կողմ է, մի մասը ձեռնպահ: Դա նշանակում է, որ կուսակցություններում ներքին ժողովրդավարական անկազմակերպվածություն կա, պետք է քննարկեն, հետո գան, իրենց դիրքորոշումը հայտնեն խորհրդարանում»,- նշեց նա:
Լեւոն Մարտիրոսյանը նշեց, որ սխալ է այն կարծիքը, թե սահմանադրական փոփոխություններին «այո» ասելով` ժողովուրդն «այո» է ասելու ՀՀԿ կուսակցությանն ու իշխանություններին:
«Մարդիկ քվեարկելու են ոչ թե ՀՀԿ-ի, այլ սահմանադրական փոփոխությունների օգտին»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունը ցույց է տվել, որ բոլոր խորհրդարանական ուժերը կողմ են փոփոխություններին եւ անհասկանալի է, թե ինչու է «Ոչ»-ի ճակատը դեմ սահմանադրական փոփոխություններին:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Այդ փոփոխություններով նախատեսվում է անցնել կառավարման խորհրդարանական ձեւին:





























