ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը սահմանադրական փոփոխությունների  հանրաքվեի քարոզարշավին «այո»–ի ճակատից է հանդես գալու: NEWS.am-ի հետ զրույցում նախկին ընդդիմադիր ԲՀԿ-ականը մանրամասնել է, թե  ինչպես է պատկերացնում հանրաքվեի քարոզարշավին իր մասնակցությունն արդեն իշխանական ճամբարում:

Պարոն Գրիգորյան, Գյումրին ամենաըննդիմադիր քաղաքներից է, ինչը ցույց է տվել նախկին ընտրություններում։ Այն ժամանակ  ԲՀԿ-ն ընդդիմություն էր, եւ գյումրեցիների ընդդիմադիր լինելը ձեզ համար շահեկան էր: Հիմա «այո»-ի ճակատում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը։ Ձեզ կհաջողվի՞ ապահովել գյումրեցիների քվեն հօգուտ սահմանադրական փոփոխությունների։

Քարոզարշավն իրականացնելու է շտաբը։ Ինչ վերաբերում է նրան, որ ես շատ ձայն եմ կարողացել ապահովել իմ կամ «Բարգավաճ Հայաստանի» օգտին, նշեմ, որ ժողովուրդն իմ կողքը կանգնել է`  կոնկրետ սկզբունքներից ելնելով, եւ ամենակարեւորը, տեսել է, որ ես եթե մի թիմի հետ եմ, փորձում եմ էդ թիմի հնարավորություններն օգտագործել ի նպաստ մեր քաղաքի, ես էդ ժամանակ եղել եմ  ԲՀԿ անդամ, համագործակցել եմ  Ծառուկյանի հետ եւ կոնկրետ Ծառուկյանի հետ Գյումրիում բազմաթիվ ծրագրեր ենք արել, ինչ որ ներկայացրել եմ Ծառուկյանին, չի խնայել ու միանագամից դրական է վերաբերվել, ու ժողովուրդը տեսել, գնահատել է, հենց էնպես չի ընտրել ինձ:

Այժմ գյումրեցիներին ինչպե՞ս եք վստահեցնելու, որ  իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունը  ճիշտ է, ինչին նախկինում Դուք էլ էիք դեմ:

Վստահեցնելու խնդիր չկա, ժողովուրդը ինքը պետք է որոշի։ Այս պահի դրությամբ կոնկրետ համագործակցության կտրվածքով ես բարձրացրել եմ Գյումրու  երկրորդական  ճանապարահների լուծման խնդիրը, դիմել ՀՀ նախագահին, ստացել դրական պատասխան, եւ էս պահի դրությամբ իրականացնում ենք այդ ծրագիրը:

Գյումրին կարծես դարձել է փորձաքար, ով քնից շուտ արթնանում է, ուզում է գյումրեցիներին թասիբի գցելով` դիվիդենտներ ձեռք բերել, թասիբի գցելով` իրենց քաղաքական շահերը առաջ տանել, բոլորն անխտիր` էս կողմն էլ, էն կողմն էլ: Իմ համար կարեւորն այն է, որ կոնկրետ գյուրմերցիներին չօգտագործեն նմանատաիպ ծրագրերի մեջ,  նրանք հստակ տեսնում են` գործ արվում է,  կասեն` այո, չի արվում, կասեն` ոչ: Սա վերաբերում է բոլոր ընտրություններին, ոչ միայն հանրաքվեին:

Ձեր կարծիքով, հաշվի առնելով Գյումրիիի այսօրվա սոցիալական վիճակը, գյումրեցիների մեծ մասը  հիմնականում  դե՞մ է, թե՞ կողմ  փոփոխությանը:

Գյումրիում էնքան դժգոհ զանգված  կա,  ու լավ օրից չէ, որ դժգոհ են, եթե մարդկանց թվում է, որ գյումրեցիք հոգեկան շեղում ունեն ու հենց էնպես բողոքում են, դժգոհում են, չարաչար սխալվում են: Ունեն խնդիր, բարձաձայնում են, հենց  դրանով էլ առանձնահատուկ են, ունեն առավելություն, որ իրենց գնահատակնները տալիս են իրավիճակին, այդ մասին բարձրաձայնում են: Այսօր կանխատեսումներ անել, թե ինչպես են տրամադրված ու ինչպես կքվեարկեն,  էնքան էլ ճիշտ չէ, քանի որ այդ մասին հիմա որեւէ բան ասելը,  կնշանակի ուղղորդել: