Հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու մեջ մեղադրվող`Հրազդան քաղաքի 36–ամյա բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանի համար դատախազն այսօր` նոյեմբերի 2-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 13 տարվա ազատազրկում պահանջեց:
Դատախազը նշեց, որ ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը գործով ձեռք բերված մի քանի ապացույցներով հաստատվում է` նշելով, որ արժանահավատ եւ ապացուցված են նաեւ ամբաստանյալի քրոջ` Բավական Խաչատրյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:
Մեղադրական ճառին ծանոթանալու համար պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:
Նշենք, որ Բավական Խաչատրյանը, որը նույն գործով արդեն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, ավելի վաղ ցուցմունք էր տվել, թե քրոջ հետ միասին է թրաֆիքինգով զբաղվել, սակայն ավելի ուշ դատարանում հայտարարել էր, թե քննիչների ճնշումների ներքո է նման ցուցմունք տվել, եւ քույրն իրականում այդ գործի հետ կապ չունի։ Հերիքնազ Խաչատրյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` պնդելով, որ Դուբայում ինքն է թարֆիքինգի զոհ դարձել:
Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով, այն է` կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձանց մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ենթարկելը:





























