Սինայում կործանված А321 օդանավի ուղեւորների մարմինները դիահերձող դատաբժշկական փորձագետներն արել են մահվան պատճառների վերաբերյալ առաջին եզրակացությունները։ Աղբյուրների փոխանցմամբ՝ մեծամասնության մոտ մահվան պատճառները միանգամից մի քանիսն են եղել։ Հիմնական պատճառները եղել են այրվածքները, կետային բութ վնասվածքները եւ ներքին օրգանների վնասվածքները։
Ինչպես LifeNews-ին հայտնել են իրավապահ մարմիններում իր աղբյուրները, ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է ավիաաղետի 100 զոհի մարմին։ Դատաբժշկական փորձաքննությունից հետո տեղի կունենա զոհերի դիակների ինքնության հաստատման գործընթացը։
Ընդհանուր առմամբ փորձագետները պետք է անցկացնեն յուրաքանչյուր դիակի առնվազն 15 փորձաքննություն։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը հոկտեմբերի 31-ին Եգիպտոսից դուրս է եկել Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել





























