Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը չի պատրաստվում միանալ «Ոչ»-ի ճակատին կամ «Նոր Հայաստանին», սակայն քարոզարշավի գրաֆիկը կոորդինացնում է նրանց հետ։

«Գնամ, միանամ մեկին՝ ուժ տամ, ո՞ր ինչ։ Ով ուզում է թող ինձ միանա։ Ես հարգում եմ բոլորին, սակայն չեմ կարծում՝ այնտեղ կա մեկը, որն ինձանից առավել է»,- այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հրանտ Բագրատյանը, որը «Ազատություն» կուսակցության նախագահն է։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ սա ընտրություն չէ, միասնականության անհրաժեշտություն չկա, բոլորը քարոզում են դեմ քվեարկել Սահմանադրական փոփոխություններին. «Մենք կոորդինացնում ենք, զանգում ենք, ասում՝ այս ինչ օրը եղել ենք այս շրջանում, խոսել այս մարդկանց հետ»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։ Փոփոխություններին կողմ արտահայտվող քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, արդեն ստեղծել են իրենց շտաբները եւ առանձին քարոզարշավ են իրականացնում։ Դեմ արտահայտվող քաղաքական ուժերն ու նախաձեռնությունները ստեղծել են երկու ճակատ՝ «Ոչ» եւ «Նոր Հայաստան»։ Վերջինս պահանջում է նաեւ իշխանափոխություն։