Թուրքիայում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում միանձնյա կառավարություն կազմելու հնարավորությունից զրկված «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այս ընտրություններում ձայներն ավելացրեց սադրանքներով եւ կեղծիքներով։ Այս մասին գրել է  Թուրքիայի քրդական Ozgur-Gundem թերթը։

«Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չընդունած «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունը զենքով ու բռնությամբ ժողովրդին կրկին քվեատուփերի մոտ քշեց։ Մեծ ընտրակեղծիքներով անցկացված ընտրություններին քրդերը գնացին հանուն խաղաղության, սակայն ճնշումների տակ ընտրությունների գնացած «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը ձայներ կորցրեց»,-գրել է Ozgur-Gundem թերթը։

Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է 49,4, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ 25,5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 12 եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝10,6 տոկոս ձայն։