Եգիպտոսում ավիավթարից զոհվել է բորտուղեկցորդ Ստանիսլավ Սվիրիդովը։ Նա ուներ կին եւ դուստր։ Նրա այրի Աննա Սվիրիդովան համաձայնել է հարցազրույց տալ Vesti-ին։ Նրանց մասին, որոնց համար այդ չվերթը դարձավ վերջինը։

Աննան սպասում է Սանկտ Պետերբուրգ չվերթին։ Վերջին անգամ նրանք շփվել էին հինգշաբթի, երբ Airbus А321-ը Սանկտ Պետերբուրգից մեկնել էր Շարմ էլ Շեյխ։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 31-ին, այդ օդանավը պետք է վերադառնար Սանկտ Պետերբուրգ։ Աննան չի ուզում, բայց ստիպված է անցնել զոհված ամուսնու ինքնության հաստատման ընթացակարգը։

«Վերջին 2 շաբաթը նա փոխվել էր, ավելի հուզառատ էր դարձել, ավելի նուրբ»,- հիշում է Աննան։ Նրանք Ստասի հետ ծանոթացել էին 2012թ. դեպքի Ստամբուլ թռիչքի ժամանակ։ Երկուսն էլ բորտուղեկցորդներ են, սակայն Աննան ասում է, որ ամուսինն ավիացիան ավելի շատ էր սիրում։ Երբ ստիպված էր լինում հրաժարվել չվերթներից, տանջվում էր։ Այս տարվա մայիսին նա աշխատանքի էր անցել «Կոգալիմավիայում»։ Վերջին չվերթից առաջ կարծես զգում էր, որ ընդմիշտ  երկնքում է մնալու։

«Ես նրան ասացի՝ հենց հասնես, գրի՛ր։ Նա կատակում էր անընդհատ։ Ասաց. «Դու ինքդ բորտուղեկցորդ ես, ինչի՞դ է պետք»։ Իսկ ես ասացի. «Միունույնն է, գրի՛ր»։  Նա ասաց, թե որ մի բան պատահի, դու նորություններից կիմանաս»,- պատմում է Աննան։

Սիրելի տղամարդու մասին գլխավոր հիշատակը փոքրիկ աղջիկն է՝ Միլանան, եւ հարյուրավոր նկարներն ու հազարավոր հաղորդագրությունները։

Այնպես է ստացվել, որ հենց այդ օդանավում հավաքված են մի քանի հուզիչ սիրո պատմություններ։ Պսկովի փոխքաղաքապետ Ալեքսանդր Կոպիլովը Եգիպտոս էր տարել իր սիրելի կնոջը, որպեսզի այնտեղ նշի նրա ծննդյան տոնը։

Եվգենի Յավսկինը երազում էր սիրելի աղջկան՝ Ալեքսանդրա Չեռնովային, ռոմանտիկ ընթրիք մատուցել ծովափին։ Նրանք նույնիսկ ծնվել էին նույն օրը եւ վիճակված էր նույն օրն էլ հեռանալ կյանքից։

Ելենա Մոիսեեւան ցանկանում էր աղջկան տաք երկիր տանել։ Ալյոնան 5 տարեկան էր։ Իսկ այստեղ՝ օդանավակայանում դեռ դժվար է մնալ։ Շոկ, կատարվածի հերքում, զայրույթ, դրանք կախված են օդում, ժամանման սրահում եւ թռիչքի բազմաթիվ տերմինալներում։ Մարդիկ ծաղիկներ են բերում եւ խաղալիք փափուկ մի արջ՝ ի հիշատակ օդանավում գտնվող 29 երեխաների։