Նոյեմբերի 1-ին Երեւանի Հասրաթյան փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում մահացած հայտնաբերված ամուսինները երկուսով էին ապրում, նրանց զավակներն արտերկրում են բնակվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Միրզոյանների հարեւաններից մեկը՝ հավելելով, որ երեխաները երբեմն այցելում էին ծնողներին, ֆինանսապես աջակցում։ Չնայած՝ Միրզոյանները ունեւոր էին, հարեւանները վստահ են, որ ամուսինները բռնության զոհ չեն, եւ բնական մահով են մահացել։
«Իրենց մահով են գնացել, հարուստ էին, կարծում էինք, սպանել, թալանել էին, բայց նման բան չկա։ Դիերի վրա ոչ դանակի, ոչ էլ հրազենային վնասվածքներ կային»,-ասաց հարեւանը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։
Ամուսինները՝ Սուրեն Միրզոյանը եւ Մարուսյա Էլիչբեկյանը, ծանոթների խոսքով, հազվադեպ էին տնից դուրս գալիս, միայն ամուսինն էր երբեմն զբոսանքի դուրս գալիս։
Հարեւանները մահացած ամուսինների զավակներին հայտնել են ծնողների մահվան լուրը։ Երկու որդիները շուտով կժամանեն Հայաստան, իսկ դուստրը մահացել է տարիներ առաջ։
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, պարզվում են ամուսինների մահվան հանգամանքները։ Առայժմ հայտնի չէ, թե երբ է գրանցվել ամուսինների մահը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 1-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (պատուհանից երևում է, որ վերջինս ընկած է հատակին, չի շարժվում). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1925 թ. ծնված Մ. Է.-ի, իսկ նկուղում՝ Ս. Մ.-ի դիերը:





























