2016-ին ՀՆԱ-ում հարկերի եւ տուրքերի մասնաբաժինը կկազմի 21,7 տոկոս։ 2015-ի կանխատեսումային ցուցանիշը կազմում է 24,5 տոկոս, իսկ 2014-ի փաստացին՝ 22,6 տոկոս։ Այդ մասին ասված է 2016-ի պետբյուջեի մեկնաբանություններում, որի քննարկումը խորհրդարանում սկսվել է նոյեմբերի 2-ին։
Ընդհանուր առմամբ, 2016-ին նախատեսվում է 1 տրլն 129 մլրդ դրամի հարկեր եւ մաքսեր հավաքել (ՀՆԱ-ի 20,7 տոկոսը, ընթացիկ փոխարժեքով վերահաշվարկի դեպքում կազմում է մոտ 2,4 մլրդ դոլար –խմբ), դրանից 24 մլրդ-ը՝ օրենսդրության լրացումների եւ վարչարարության նոր միջոցների հաշվին։ Եվս 25,6 մլրդ կկազմեն պաշտոնական դրամաշնորհները, 27,1 մլրդ՝ այլ եկամուտը (օրինակ՝ պետական ունեցվածքի կառավարումից ստացվող եւ այլն)։ Բյուջեի եկամտային մասի ընդհանուր ծավալը կկազմի 1 տրլն 183 մլրդ դրամ։
Համեմատության համար նշենք, որ 2015-ի հարկային եկամտի պլանային ցուցանիշը կազմում է 1 տրլն 138 մլրդ դրամ, իսկ 2014-ի փաստացին՝ 1 տրլն 49 մլրդ։
2016-ին պետբյուջեի ծախսերի ծավալը նախատեսվածի համաձայն, կկազմի 1 տրլն 373,7 մլրդ դրամ․ այդ ծավալի 90.6 %-ը կամ 1տրլն 244,4 մլրդ բաժին կընկնի ընթացիկ ծախսերին, իսկ մնացածը՝ ոչ ֆինանսական ակտիվների ծախսերին։
2015-ին պլանավորվածի համեմատ ծախսերի ծավալն աճել է 68,1 մլրդ դրամով կամ 5,2 տոկոսով։





























