Եթե ID քարտերով քվեարկության հնարավորություն տվող օրենսդրական նախագիծն առաջ չքաշվեր, հետագայում դա կարող էր իրավական տեսանկյունից լուրջ խնդիր առաջացնել։ Այս մասին նոյեմբերի 2-ին կայացած քննարկման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։
Պատգամավորը նշել է, որ այն փաստը, որ 182 391 մարդ զրկվել է ընտրելու իրավունքից, կարող էր ազդել հանրաքվեի արդյունքների վրա։ Սահակյանի խոսքով՝ Հայաստանում արդեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բազմաթիվ քաղաքացիներ փորձել են քվեարկել ID քարտերի միջոցով։
«Դա ասես թե հակասում էր Սահմանադրությանը, քանի որ այն սահմանում է, որ 18 տարին լրացած քաղաքացին ընտրության իրավունք ունի անձը հաստատող փաստաթղթի դեպքում։ Այստեղ կարծես թե արհեստական արգելք է առաջանում։ Բայց երբ մենք փորձեցինք պարզել, թե քանի մարդ է օգտվում միայն ID քարտերից, տեսանք, որ նրանց թիվը 182 391 է։ Այսինքն՝ դա բավականին մեծ թիվ է»,- հավելեց Հովհաննես Սահակյանը։





























