Ջրաշենցի 4-ամյա աղջկա մահվան մեջ մեղադրվող՝ «Արմավիր» ԲԿ-ի բժշկուհի Անահիտ Պետրոսյանն ազատվել է հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ին ասաց «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը՝ նշելով, որ Անահիտ Պետրոսյանը շարունակում է աշխատել որպես բժշկուհի:

«Քննչական գործողություններ են իրականացվում, քննչականի տված գրության համապատասխան, որ բժշկուհու՝ բաժնի վարիչի պաշտոնում մնալը կարող է խոչընդոտել քննչական գործողություններին, նրա վրայից այսօրվանից հանվել են բաժանմունքի վարիչի պարտականությունները»,- ասաց Սարգիս Խաչատրյանը:

Անահիտ Պետրոսյանը կշարունակի աշխատել «Արմավիր» ԲԿ-ում որպես բժշկուհի, քանի դեռ դատարանը նրան մեղավոր չի ճանաչել երեխայի մահվան մեջ:

Հիշեցնենք, որ Անահիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):

Հիշեցնենք, որ երեխան հիվանդանոց էր ընդունվել 2015.թ հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր  հաջողվել:

Երեխայի ծնողները չեն հավատում մահվան պաշտոնական վարկածին, ըստ որի նա մահացել է տոքսիկ շոկից: Ըստ երեխայի տատիկի, որը մահվան պահին ու դրանից առաջ երեխայի կողքին էր եղել, փոքրիկին մահվանից մոտ տասը րոպե առաջ բժշկուհու հսկողությամբ ստամոքսի լվացում են արել, սակայն օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել: Հարազատները մահվան պաշտոնական վարկածին չեն հավատում, նրանք ենթադրում են, որ ջուրը երեխայի թոքերն է լցվել ստամոքսի փոխարեն, ինչի հետեւանքով էլ նա մահացել է: Բժշկուհին հերքում է այս մեղադրանքը:

Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ մեղադրանք է առաջադրվում «Արմավիր» ԲԿ-ի բժիշկներին: Նախորդ անգամ 28-ամյա հղի Նարինե Շարոյանի մահվան համար մեղադրանք էր առաջադրվել մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին, որի գործն արդեն դատարանում է: Հասմիկ Հակոբյանին մեղադրանք առաջադրվելուց հետո էլ հիվանդանոցի ղեկավարությունը նրան աշխատանքից չհեռացրեց։ Որոշ ժամանակ անց բժշկուհին հեռացավ սեփական նախաձեռնությամբ: