«Լուսավոր Հայաստան» նախաձեռնության դրամահայթայթման առաջին երեկոյի ժամանակ հավաքվել է 1,5 մլն ՀՀ դրամ:

«Լուսավոր Հայաստանից» NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, որին ներկա 110 հյուրերը հնարավորություն են ունեցել անմիջականորեն շփվել նախաձեռնության անդամների հետ եւ տեղեկանալ «Լուսավոր Հայաստանի» նպատակների ու հետագա անելիքների մասին։

Կիսելով այն համոզմունքը, որ քաղաքական կազմակերպությունների գործունեության մեջ ներդրում ունեցող քաղաքացին կարող է լիարժեք պահանջատեր լինել՝ բոլոր ներկաները մասնակցել են նվիրատվությանը, որի վերջնական արդյունքը կազմեց 1,5 մլն դրամ։

«Մեր նպատակն է Հայաստանում ձեւավորել քաղաքական նոր մշակույթ, որտեղ կարեւոր է նաեւ քաղաքացիների մասնակցությունը՝ որպես երկարաժամկետ ներդրող։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին վստահության համար»,-ասված է «Լուսավոր Հայաստանի» հաղորդագրության մեջ: