Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն անակնկալ էին բոլորի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Անակնկալ արդյունքներ են գրանցվել, քանի որ հասարակությունն այսպիաի արդյունքներ չէր կանխատեսել: Ամբողջովին անակնկալ երեւույթ էր: Կանխատեսվում էր, որ նախորդ ընտրությունների համեմատ՝ կնվազի իշխող կուսակցության ձայների տոկոսը, սակայն հակառակը եղավ: Սպասվում էր, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը կստանա 30 տոկոս ձայն, մինչդեռ հավաքեց ընդամենը 25 տոկոս: Մյուս կուսակցություններն ավելի լուրջ կորուստներ ունեցան»,- ասաց Էստուկյանը:

Նրա խոսքով՝ երեկ կայացած ընտրություններից հետո դրական տեղաշարժ կլինի Թուրքիայում, մասնավորապես կփոխվի արտաքին քաղաքականության նկատմամբ ռազմավարությունը:

«Կարծում եմ՝ բարելավում կլինի Եվրամիության հետ հարաբերություններում: Ներքաղաքական կյանքը կհանդարտվի»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ընդհանուր քվեատուփերի 80 տոկոսը հաշվել են, եւ ստացվել է հետեւյալ պատկերը․

«Արդարություն եւ զարգացում» կուսակցություն-49,3 տոկոս,

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն-25,4 տոկոս,

«Ազգայնական շարժում» կուսակցություն-11,9 տոկոս,

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն-10,9 տոկոս։

Առաջադրված երեք հայ թեկնածուները կրկին պատգամավոր են դարձել։

Նշենք, որ ընդդիմությունը առարկություններ  է հայտնել բացված քվեատուփերի արդյունքների հետ կապված՝ շեշտելով, թե ավելի քիչ քվեատոփեր են բացվել, քան ներկայացրել է ԿԸՀ-ն։