Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճաների նախարար Արմեն Երիցյանը վստահեցնում է, որ վարչական լծակները չի օգտագործելու իշխանության օգտին քվեարկություններ կորզելու նպատակով։

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե այդ դեպքում ինչու են իրեն ընդգրկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ-ի կենտրոնական շտաբում՝ որպես տեղակալ, նա պատասխանեց. «Բոլորին նշանակել են, ես էլ առաջարկել եմ՝ ես էլ աշխատեմ այդ ուղղությամբ: Ինչո՞ւ պիտի հրաժարվեի, ժամը 6-ից հետո ես իրավունք ունեմ զբաղվել դրանով»։

Երիցյանը վստահեցրել է, որ թվեր չի ապահովելու։ NEWS.am-ի թղթակցի  դիտարկմանը, թե մի օրինակ կարո՞ղ է նշել, որ սահմանդրական փոփոխությունները դրական են անդրադառնալու որեւէ ոլորտի վրա, Երիցյանն ընդամենը արձագանքեց. «Ես որպես իրավունքի մասնագետ՝ կարող եմ ասել՝ ինչի համար կարելի է «Այո» ասել»։ Սակայն նախարարնն այդպես էլ չնշեց, թե ինչի համար պետք է «Այո» քվեարկել։

Հարցին, թե կարդացե՞լ է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՏԿԱԻ նախարարը կրկին հիշեցրեց, որ սահմանդրական իրավունքի մասնագետ է եւ իրավագիտության դոկտոր, ապա ավելացրեց. «Անհետաքրիր է ձեզ հետ խոսել սահմանադրության մասին»: