Բասկետբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դեւիդ Բլատը Կոտ դ’Իվուարի հետ խաղից հետո միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ աշխարհի առաջնությունից հետո հեռանալու է թիմից: «Ես վեց տարի աշխատել եմ այս հավաքականի հետ, ես այս թիմին տվել ամբողջ սիրտս: Ցավոք, այժմ ես զգում եմ, որ ռուսական բասկետբոլի քաղաքականությունը վատն է, ես հոգնել եմ դրանից, բավական է: Ես այլեւս չեմ ցանկանում ազգային թիմ մարզել»,- ասել է Բլատը: Այս տարվա հունիսին Բլատը պայմանագիր է կնքել Թել Ավիվի «Մաքաբիի» հետ: Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ կնքած պայմանագրով Բլատը պետք է աշխատեր մինչեւ 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերը: Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականը երկու հաղթանակից եւ մեկ պարտությունից հետո գործնականում ապահովել է տեղը 1/8-րդ եզրափակիչում: