2015 թ. նոյեմբերի 2-5-ը Հայաստանի զարգացման հիմնադրամը զբոսաշրջային 6 ընկերությունների հետ համատեղ Լոնդոնում ներկայացնում են հայկական երկու պետությունների՝ Հայաստանի եւ Արցախի զբոսաշրջային գրավչությունը «World Travel Market 2015» ամենամյա միջազգային ցուցահանդեսին:
Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 186 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ եւ ոլորտի ավելի քան 50 հազար մասնագետներ: Հիշեցնենք, որ ցուցահանդեսը հաջորդում է ոլորտի կարեւորագույն միջոցառմանը՝ Մեծ Բրիտանիայի զբոսաշրջային թեմաներով գրող լրագրողների ընկերակցության ընթրիք-մրցանակաբաշխությանը, որն այս տարի ուղեկցվել է հայկական գինու, մշակույթի, խոհանոցի եւ զբոսաշրջային գրավչության շնորհանդեսով: Հատկապես այդ շնորհանդեսից հետո ցուցահանդեսում հայկական տաղավարն ավելի մեծ ուշադրության է արժանացել եվրոպացի լրագրողների եւ տուրօպերտորների կողմից:
Մեր երկրի զբոսաշրջային ընկերությունները մասնագիտացված հանրությանը ներկայացնում են Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային ու քրիստոնեական ժառանգությունը, զբոսաշրջային փաթեթները, այցելուներին տրամադրում են գովազդային նյութեր, քարտեզներ:
«Մեր մասնակցությունն այս հեղինակավոր ցուցահանդեսին՝ նպատակ ունի խթանելու հայկական երկու պետություններ այցելող զբոսաշրջիկների թվի աճը, նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերին: Մենք կարեւորում եւ աջակցում ենք նման ծրագրերի իրականացումը նաեւ Արցախի զբոսաշրջային հմայքը հավուր պատշաճի միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից, իսկ հաշվի առնելով Լոնդոնում հայկական թեմայի շնորհանդեսի հաջողությունը` առաջիկա տարիներին կարող ենք ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ակնկալել Հայաստանում եւ Արցախում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:





























