Անգամ ՀՀ խորհրդարանի փոխխոսնակները գործուղման են մեկնում էկոնոմ դասով։ Այս մասին նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողներին ասել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։
«Խորհրդարանի խոսնակից բացի, մյուս բոլոր պատգամավորները եւ աշխատակազմի աշխատակիցները արտասահմանյան գործուղումների են մեկնում էկոնոմ դասով»,- ասել է Թովմասյանը։
Դրան ի պատասխան հնչած այն դիտարկմանը, թե արտասահմանյան պաշտոնյաները եւ անգամ բարձրաստիճան անձինք աշխատանքի են գնում հեծանիվով կամ մետրոյով, իսկ խորհրդարանի ղեկավարությունն ու պատգամավորները շքեղ մեքենաներ են քշում, Թովմասյանը նշեց, որ մեքենաների բաշխման կարգը հաստատում է Կառավարությունը։ «Ես անձամբ անգամ հեծանիվ չունեմ։ Իսկ աշխատանքի ես գնում եմ ոտքով»,- ասել է նա։





























