Ոստիկանությունը պատգամավորներին ու իրավապաշտպաններին հրավիրում է ընտրացուցակների խնդրով համագործակցության:

Այս առնչությամբ, ոստիկանության տաածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի նախնական ընտրական ցուցակների հրապարակումից հետո տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ հանդես են գալիս հայտարարություններով ու դիտողություններուններով՝ ցուցակների թերությունների եւ անճշտությունների վերաբերյալ:

Ոստիկանությունը, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ընտրացուցակների հնարավոր անճշտությունները, անհրաժեշտ պազաբանումներով ու բացատրություններով հրատապ արձագանքում է այդ հայտարարություններին:

Չնայած այդ ծավալուն աշխատանքին՝ արդյունքները բավարար չհամարելով եւ շարունակելով այս բնագավառում հանրության հետ լայն համագործակցության քաղաքականությունը՝ ոստիկանությունն առաջարկում է քննարկումը լրատվամիջոցների հարթությունից տեղափոխել առավել գործնական դաշտ եւ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին (մասնավորապես՝ ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանին, Հովհաննես Մարգարյանին եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, որոնք առավել հաճախ են հանդես գալիս ընտրացուցակների հիմնախնդիրների շուրջ), նաեւ բոլոր այն քաղաքացիներին, որ մտահոգ են ընտրացուցակների կատարելագործմամբ, հրավիրում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ առարկայական քննարկման, որը տեղի կունենա 2015 թ. նոյեմբերի 6-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության մամլո սրահում: