«Մոսկվա-Երեւան» ավտոբուսի վթարի պատճառ կարող է դարձած լինել վարորդի զանգած հեռախոսը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունի նախագահ Ռաֆիկ Պապյանը։ 

Ավտոբուսի ուղեւորներին վկայակոչելով՝ Պապյանը տեղեկացրել է, որ զանգել է վարորդի հեռախոսը եւ ցած է ընկել, վարորդը թեքվել է, որպեսզի վերցնի, կորցրել է կառավարումը, եւ ավտոբուսը, մայթերիզին բախվելով, շուռ է եկել։ 

Դեպքի վայրում գտնվում են Ռուսաստանի Հայերի միության ներկայացուցիչներ, որոնք ստանձնել են ֆինանսական ծախսերը։  Տուժած ուղեւորների մի մասը հիվանդանոցում է, իսկ մնացածին ժամանակավոր կացարան է տրվել։  

Հիշեցնենք, որ 59 ուղեւորով եւ երկու վարորդով ավտոբուսը շրջվել է Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մ-4 «Դոն» ավտոմայրուղու 221-րդ կիլոմետրում։ Բոլոր ուղեւորները Հայաստանի քաղաքացիներ են, իսկ ավտոբուսը հայկական ընկերության է պատկանում։