Սեփական բանակի գերզինվածության մասին Ադրբեջանի հոխորտանքները ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն: Այս մասին մոսկովյան «Նոյյան տապան» թերթին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ ՊՆ, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, որտեղ անդրադարձել է հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին:
Այսօր ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին: Ո՞րն է, Ձեր կարծիքով, իրադրության ներկայիս աննախադեպ սրման պատճառը:
Նրա խոսքով, Նախ ասեմ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճ նկատվեց դեռեւս նախորդ տարվա հուլիս-օգոստոսից սկսած, որը որոշակի ընդհատումներով, սակայն խոշոր տրամաչափի հրետանային զինատեսակների աստիճանական ներգրավմամբ ու ինտենսիվ կիրառմամբ,շարունակվում է առ այսօր: Ինչ վերաբերում է վերջին շրջանում շփման գոտում տեղ գտնող սրացումների պատճառներին, ապա ես դրանցից կառանձնացնեի հետեւյալները. նախ` քաղաքական տեսանկյունից պաշտոնական Բաքուն նման քայլերով փորձում է միջազգային հարթակում ցույց տալ իր անհանդուրժողականությունը հակամարտության գոտում հաստատված «status-quo»-ի հանդեպ եւ այդ իսկ ճանապարհով ճնշում գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների վրա, իսկ ռազմական տեսանկյունից` փորձարկել սեփական զինուժի պատրաստականությունը`առավել լուրջ եւ լայնածավալ մարտական գործողություններ վերսկսելու համար: Իհարկե, կան նաեւ դրանցից ածանցվող այլ պատճառներ եւս, որոնք ավելի շատ նպատակաուղղված են ինչպես ներքին լսարանի հետաքրքրությունները բավարարելու, այնպես էլ հայկական կողմի վրա հոգեբանական ազդեցություն թողելու նպատակով:
Ի՞նչ է հակադրում ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական գերզինված բանակին: Կարելի է արդյո՞ք իմանալ, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում հակառակորդի ագրեսիվ պահվածքը ճնշելու համար: Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին հուզում է հետեւյալ հարցը. ի՞նչքան կարող են ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերը դիմակայել ադրբեջանական բանակին, որը վերջին տարիներին մի քանի անգամ ավելացրել է իր զինանոցը:
Չցանկանալով թերագնահատել հակառակորդի տրամադրության տակ եղած սպառազինության եւ տեխնիկայի ծավալները, այդուհանդերձ պետք է ասեմ, որ սեփական բանակի գերզինվածության մասին Ադրբեջանի հոխորտանքները ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն: Բաքուն սիրում է ուռճացնել իր հնարավորությունները, մեկի փոխարեն ներկայացնել տասը` առանց հաշվի առնելու դրանց որակական չափանիշներն ու կիրառման արդյունավետության աստիճանը: Հակառակ դրան հայկական կողմը գլխավոր շեշտը դնում է ոչ միայն սպառազինության եւ տեխնիկայի քանակական ցուցանիշների, այլեւ որակական բնութագրերի վրա: Ելնելով այս իրողությունից վստահաբար կարող եմ ասել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակն ունի ադրբեջանական զինուժին պատվով դիմակայելու բոլոր տեխնիկական եւ բարոյահոգեբանական հնարավորությունները, որոնք պարբերաբար իրենց արտահայտությունն են գտնում առաջնային գծում տեղ գտնող զարգացումներում:





























