Եգիպտոսում աղետի ենթարկված Airbus A321 ինքնաթիռի օդաչուները մինչեւ աղետի պահը տեղեկություն չեն ունեցել օդանավի տեխնիկական անսարքությունների մասին, «Ինտերֆաքսին» տեղեկացրել է իրազեկված աղբյուրը Կահիրեից։ 

«Դիսպետչերների հետ օդանավի անձնակազմի զրույցից հետեւում է, որ ռադարների տեսադաշտից օդանավի անհետացումից  4 րոպե առաջ իրավիճակն օդանավում նորմալ է եղել, անձնակազմը սովորական բանակցություններ է վարել դիսպետչերների հետ եւ ոչինչ չի մատնանշել, թե օդանավում անսարքություններ կան, անձնակազմը նույնիսկ չի տեղեկացրել դրա մասին»,- ասել է աղբյուրը։

Նա հայտնել է, որ «ռադարների էկրաններից ինքնաթիռի անհետացմանը ձայնագրության մեջ չեն նախորդում թռիչքի համար ոչ բնորոշ հնչյուններ»։ Սակայն օդաչուները աղետի որեւէ նշան ցույց չեն տվել։ 

«Ձայնագրությունից դատելով՝ ինքնաթիռում արտասովոր իրավիճակ է առաջացել, ինչն անսպասելի է եղել անձնակազմի համար, սակայն օդաչուները չեն հասցրել աղետի նշաններ փոխանցել»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ամերիկյան ինֆրակարմիր արբանյակը ռուսական ինքնաթիռի ջախջախումից մեկ վայրկյան առաջ ջերմային բռնկում է արձանագրել։ 

NBC News հեռուստաալիքի տվյալներով, ամերիկացի հետախույզները համարում են, որ բռնկումը օդանավում պայթյունի հետեւանք է եղել։ Բայց հնաարվոր է, որ պայթյուն տեղի ունեցած լինի ջերմային բաքում կամ շարժիչում մեխանիկական ջարդվածքի հետեւանքով։ 

«Կոգալիմավիայի» Airbus A321 օդանավը, որը շաբաթ օրը չվերթ էր իրականացնում Շարմ-Էլ-Շեյխից դեպի Սանկտ Պետերբուրգ, ընկել է Սինայում։  Ինքնաթիռում 217 ուղեւոր կար եւ անձնակազմի յոթ անդամ։ Նրանք բոլորը զոհվել են։ Աղետը խոշորագույնն է ռուսական եւ խորհրդային ավիացիայի ամբողջ պատմության ընթացքում։