ԱԺ ՀԱԿ քարտուղար Լեւոն Զուրաբյանի` ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին ուղղված կոչը՝ հորդորել ՀՀ իշխանություններին հրաժարվել սահմանադրական փոփոխությունների նախագիծից, խայտառակություն էր, որը վնասում է Հայաստանի շահերին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Չգիտեմ էլ, թե ոնց մեկնաբանեմ այդ քայլը, ես պարտավոր չեմ մեկնաբանել այն մարդկանց քայլերը, որոնք ամեն ինչի գնալով պատարստ են Հայաստանի շահերը վնասելու»,-ասաց Մկրտիչ Մինասյանը` նշելով, որ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող ընդդիմադիր ուժերի հիմնավորումները բոլորին էլ պարզ են, նրանք միայն ասում են, որ սահմանադրակն փոփոխություններով գործող իշխանությունը փորձում է լուծելու իշխանության վերարտադրության հարցը, որը սխալ է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին կոչ է արել հորդորել Հայաստանի իշխանություններին չիրականացնել սահմանադրական փոփոխություններ:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Այդ փոփոխություններով նախատեսվում է անցնել կառավարման խորհրդարանական ձեւին:





























