Իշխանությունն ընդդիմությանը ընտրախախտումները վերահսկելու  չտեսնված միջոցներ էր տրամադրել, բայց վերջիններս գործնականում չեն օգտվել դրանից։  Այդ մասին խորհրդարանում նոյեմբերի 3-ին լրագրողներին հայտնել է նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով դեկտեմբերի  6-ի հանրաքվեի նախապատրաստման  աշխատանքները։

Նրա խոսքով, նման որոշումներից մեկը իշխանությունն ընդդիմությանն առաջարկել էր մինչեւ  2012-ի խորհրդարանական ընտրությունները։ «Ընդդիմությունը վստահ չէր, որ նոր ընտրական օրենսգիրքը նվազագույնի կհասցնի ցանկացած ընտրակեղծարարություն։  Եվ այդ ժամանակ մենք աննախադեպ քայլի դիմեցինք։ Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունները ընտրությունների ժամանակահատվածի համար, ընդհուպ մինչեւ բողոքարկման վերջին ժամկետը, մուտք են ստացել սահմանների վերաբերյալ տվյալների բազային, որի վերահսկողությունն իրականացնում է Սահմանապահ ծառայությունը Ազգային անվտանգության ծառայության հետ միասին», - հիշեցրել է Հարությունյանը։ 

Քաղաքական կուսակցություններին թրեյնինգի էին հրավիրել այն մասին, թե ինչպես է պետք տվյալների բազայում որոնում իրականացնել։   Դրան մասնակցել համաձայնեցին բոլոր հավակնորդ ուժերը, բազի Հայ Ազգային Կոնգրեսից։  «Գիտե՞ք, թե քանի մարդու են ստուգել այս ընթացքում։ Մեկ մարդու։ Այսինքն աղմուկը փաստերից ավելի շատ է։ Ինչ է, գոնե 10 կասկածելի դեպք չի՞ հայտնաբերվել», - ինքն իրեն հարց է տվել Հարությունյանը։ Քաղաքական ուժերին եւս մեկ հնարավորություն է տրվել՝ վստահված անձանց թույլ է տրվել տեղամասերում կատարել ցանկացած նկարահանում, որն ընտրական գաղտնիք չի բացահայտում։

«Մենք ինչո՞ւ հրաժարվեցինք ընտրատեղամասում պարտադիր նկարահանումներից։  Որովհետեւ լույսի ցանկացած անջատում, տեսախցիկի դիմացով անցնող ցանկացած մարդ հասարակությունում մի հարցը մյուսի հետեւից կառաջացներ։ Դրա համար էլ մենք բոլոր վստահված  անձանց թույլ տվեցինք նկարահանել։ Եթե ընդդիմությունը օգտվի դրանից եւ վերահսկողության այլ միջոցներից, խախտումների մասին նրա հաղորդագրությունները լիովին հիմնավոր կլինեն», - եզրակացրել է Դավիթ Հարությունյանը։