ՀՀ քաղաքացիների 61.6%-ը տեղյակ է, որ սահմանադրական փոփոխություններ են իրականացվում։
Նման ցուցանիշ է արձանագրել Gallup Internatiоnal ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը` Հայաստանի բնակչության շրջանում 2015թ. սեպտեմբերին անցկացրած հարցումների արդյունքում։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 35.8%-ը տեղյակ չի եղել, որ երկրում սահմանադրական փոփոխություններ են իրականացվում, 2.5%-ը դժվարացել է պատասխանել:
Հարցվածների միայն 5.5%-ն է լիովին դրական վերաբերվում կառավարման կիսանախագահական ձեւից անցմանը խորհրդարանականին, 15.2%-ն ընդհանրապես բացասական է գնահատել փոփոխությունը, 25.7%-ը՝ ավելի շուտ բացասական, 27.9%-ը՝ ավելի շուտ դրական, 25.7%-ը դժվարացել է պատասխանել:
Նշենք, որ 2015թ. մայիսին անցկացված նույնաբովանդակ հարցմանը քաղաքացիների 2.5%-ն էր ասել, որ լիովին դրական է վերաբերվում սահմանադրական փոփոխություններին, 21%-ը պատասխանել է` ավելի շուտ դրական, 28.2%-ը՝ ավելի շուտ բացասական, 16.5%-ը՝ ընդհանրապես բացասական:
Սեպտեմբերի հարցմանը մասնակցած քաղաքացիների 39.4%-ը նշել է, որ ՀՀ-ում կա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, 34.1%-ը նշել է, որ չկա, իսկ 26.5%-ը դժվարացել է պատասխանել:
Նշենք, որ հարցումն անցկացվել է դեմ առ դեմ մեթոդով, դրան մասնակցել է 1105 քաղաքացի՝ տարբեր սեռի, տարիքի, տարբեր վայրերում բնակվող:
Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 10-ից 21-ը:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւի:





























