Հայաստանի բնակչության կեսից ավելին՝ 69%-ը, չի ցանկանում մասնակցել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին:

Ըստ Gallup Internatiоnal ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության` Հայաստանի բնակչության շրջանում 2015թ. սեպտեմբերին անցկացրած հարցումների՝ 42.5%-ը չի ցանկանում մասնակցել քննարկումներին, քանի որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում, 43%-ը անիմաստ է համարում մասնակցությունը, 26.4%-ը ժամանակ չունի եւ միայն 2.6%-ը չի ուզում մասնակցել սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու պատճառով:

Ըստ հարցման արդյունքների՝ բնակչության կեսից ավելին չի հետեւում սահմանադրական փոփոխության վերաբերյալ քննարկումներին:

Նշենք, որ հարցումն անցկացվել է դեմ առ դեմ մեթոդով, դրան մասնակցել է 1105 քաղաքացի՝ տարբեր սեռի, տարիքի, տարբեր վայրերում բնակվող:

Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 10-ից 21-ը:

Հայաստանի բնակչության կեսից ավելին չի նկատել, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների դեմ ու կողմ արտահայտվողները քարոզարշավ են իրականացնում:

Հարցումներին մասնակցածների 75.5%-ը ասել է, որ չի նկատել «Այո»-ի քարոզարշավ, 72.1%-ը՝ «Ոչ»-ի: Քարոզարշավը նկատած՝ մոտ 20% բնակիչների մեծ մասը քարոզարշավի մասին տեղեկացել է հեռուստատեսությունից։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւի: