Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վթարված՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի ուղեւորներից 5-ը մահացել է տեղում, 1-ը՝ շտապօգնության մեքենայում, 2-ը՝ Ուզլովի շրջանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ վթարից տուժել է 48 մարդ, այդ թվում՝ 17-ամյա 1 պատանի։ Հիվանդանոցներում, վիրավորներին համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում լավագույն բժիշկները։ Վիրավորներից 2-ի վիճակը ծանր է, մյուսների կյանքին, այդ թվում նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող 10 վիրավորների, վտանգ չի սպառնում։

Ստեղծված են համապատասխան պայմաններ, անհրաժեշտության դեպքում, կկազմակերպվի նաև վթարից տուժածների հարազատների տեղափոխումն ու դիմավորումը։

Ըստ նախարարության՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն  անմիջական կապի մեջ է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ։ Նշենք, որ մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը ստեղծել է հանձնաժողով, որի աշխատանքները համակարգելու է հենց Գագիկ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը վերջին տվյալով զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: