Սահամանդրական փոփոխությունների շուրջ ՀՀ նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի եւ քաղաքական ուժերի հանդիպումներին Հայաստանի բնակչության 36.1%-ը դրական է վերաբերվում, 41.7%-ը՝ բացասական:

Նման ցուցանիշ է արձանագրել Gallup Internatiоnal ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը` Հայաստանի բնակչության շրջանում սեպտեմբերին անցկացրած հարցումների արդյունքում։

Այս հարցի վերաբերյալ 22.3%-ը դժվարացել է պատասխան տալ: Հարցվածների 55.7%-ը պատասխանել է, որ այդ հանդիպումները կրում են ձեւական բնույթ: Ըստ 16.5%-ի՝ դրանք նպաստում են սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քաղաքական ուժերի միջեւ փոխհամաձայնության ապահովմանը, 14.8%-ի կարծիքով` դրանք նպաստում են փոփոխությունների նախագծի տարբերակի հնարավոր բարելավմանը: Իսկ հարցվածների 9.6 տոկոսի կարծիքով՝ դրանք նպաստում են նոր քաղաքական մշակույթի ձեւավորմանը:

Նշենք, որ հարցումն անցկացվել է դեմ առ դեմ մեթոդով, դրան մասնակցել է 1105 քաղաքացի՝ տարբեր սեռի, տարիքի, տարբեր վայրերում բնակվող:

Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 10-ից 21-ը:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւի: