Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած 8 ուղեւորներից ոչ բոլորի ինքնությունն է հայտնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, որն այս պահին դեպքի վայրում է:
«Ես Տուլայում եմ, մեր վիրավորները շրջանի երեք հիվանդանոցներում են, իսկ զոհերից ոչ բոլորի ինքնությունն է հաստատված: Այս պահին աշխատանքները շարունակվում են»,- ասաց Արտակ Ղազարյանը:
Ժամը 15:05-ի դրությամբ հայտնի է 5 զոհերի անունները՝ Գագիկ Հակոբյան, Հրաչ Բադալյան, Գագիկ Ստեփանյան, Վաղուշ Ստեփանյան եւ Սպարտակ Նալբանդյանը:
Նշենք, որ արդեն ստեղծվել է կառավարական հանձնաժողով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ հանձնաժողովը ճշտում է զոհված ուղեւորների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը վերջին տվյալով զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:





























