Պետք է մտածել ազգային փոխարժեքով էներգետիկ ռեսուրսների առեւտրի շուրջ, ինչն զգալիորեն կնվազեցնի անկայունությունը մեր երկրների ներքին շուկաներում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին,  Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրան ուղեկցել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Հավոիկ Աբրահամյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Արդիական է համաժողովի առանցքային թեմայի ընտրությունը՝ «Հայաստան-Ռուսաստան. Եվրասիական տնտեսական միություն. միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ»: Տնտեսական միությունը բազմապատկեց մեր երկրների ընդհանուր ներուժը, եւ նրա աշխատանքը հնարավորություն է տալիս վերացնել շատ խոչընդոտներ փոխշահավետ տնտեսական համագործակցության համար: Գրեթե մեկ տարի գործող Եվրասիական տնտեսական միությունն իրեն դրսեւորել է որպես խոստումնալից ինտեգրացիոն միավորում, որն ունի աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման մեծ ներուժ: Մեր ինտեգրացիոն կառույցներն անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում առեւտրատնտեսական կապերի հետագա ակտիվացման եւ ամրապնդման համար, բայց մենք եւս պետք է խթանենք ոչ միայն շրջանակային համաձայնագրերը, այլեւ կոնկրետ նախաձեռնությունները:

Այս տարի ավելացել է գյուղատնտեսական ապրանքների արտահանումը Ռուսաստան, ինչը վկայում է ռուսաստանյան շուկայում մեր արտադրանքի պահանջված լինելու մասին: Այս միտումը պահպանելու համար պետք է ամեն կերպ զարգացնենք լոգիստիկան եւ փոխադարձ ներդրումները, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծենք բիզնեսի համար: Հենց այդ նպատակով էլ հանդես եկանք ԱԱՀ վերադարձման պարզեցված մեխանիզմների ներդրման նախաձեռնությամբ:

Համաժողովի օրակարգում հատուկ ուշադրության է արժանացել նաեւ էներգետիկ համագործակցությունը: Ներկայիս պայմաններում անհրաժեշտ է բարձրացնել տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը եւ զարգացնել այլընտրանքային աղբյուրները, ինչպես նաեւ մտածել ազգային փոխարժեքով էներգետիկ ռեսուրսների առեւտրի շուրջ, ինչն զգալիորեն կնվազեցնի անկայունությունը մեր երկրների ներքին շուկաներում:

Համաժողովը պատշաճ ուշադրություն է դարձնում նաեւ հումանիտար ոլորտում համագործակցությանը, որը հատկապես կարեւոր է մեր եղբայրական երկրների համար: Կարծում ենք, որ միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում բավական բարձր է շարունակում մնալ զբոսաշրջության ոլորտում չիրացված ներուժի մասնաբաժինը: Այդ նպատակով մենք արդեն հանդես ենք եկել առաջարկությամբ, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիները ներքին անձնագրերով կարողանան Հայաստան այցելել:

Ավարտելով խոսքս՝ մաղթում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք, իսկ տարածաշրջաններին՝ հետագա հաջողություններ ի շահ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների: Վստահ եմ՝ ինչպես եւ նախորդ համաժողովները, այս համաժողովը եւս կոնկրետ արդյունքներ կարձանագրի ի նպաստ մեր երկրների եւ ժողովուրդների»:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանի եւ Վալենտինա Մատվիենկոյի ներկայությամբ ստորագրվել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր՝ ՀՀ Վայոց ձորի մարզի եւ ՌԴ Արխանգելսկի նահանգի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցության 2012 թ. համաձայնագրի իրագործման 2015-2017 թթ. միջոցառումների ծրագիրը, «Զարգացման միջպետական կորպորացիա» ԲԲԸ եւ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի միջեւ համատեղ գործունեության համաձայնագիրը, ՀՀ եւ ՌԴ բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ձեւավորման մտադրությունների մասին հուշագիրը եւ «Մոսկվորեցկի Առեւտրի տուն» ՍՊԸ եւ «Հայաստանի ջերմոցային ասոցիացիա» գյուղատնտեսական ՀԿ միջեւ համագործակցության մասին հուշագիրը:

Նշենք, որ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովն անցկացվում է 2011 թվականից ՀՀ եւ ՌԴ նախագահների աշխատակազմերի աջակցությամբ:

Միջտարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են ՀՀ բոլոր մարզերը, ՌԴ ավելի քան 70 դաշնային միավորներ: Նախկին համաժողովներից հետո կապեր են հաստատվել ՀՀ Վայոց ձորի մարզի ու ՌԴ Արխանգելսկի նահանգի, ՀՀ Լոռու մարզի ու «Հարավկոսվկասյան երկաթուղի» ընկերության միջեւ, քննարկվում են ՀՀ Սյունիքի մարզի եւ ՌԴ Վոլգոգրադի նահանգի, ՀՀ Արարատի մարզի եւ ՌԴ Ռոստովի նահանգի միջեւ համագործակցության հնարավորությունները: Համաժողովին մասնակցում են պետական կառույցների, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր գերատեսչությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: