Հայկական կողմը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության ուղղությունների վերաբերյալ նոր առաջարկներ ունի։  Այդ մասին նոյեմբերի  4-ին Հայաստան-ԵՄ Համագործակցության կոմիտեի  16-րդ նիստի շրջանակում լրագրողներին ասել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ 

Հայաստանի բոլոր գերատեսչությունները, նախարարի խոսքով, առանձին առաջարկներ ունեն։ «Նրանք մտադիր են այդ առաջարկները ներկայացնել եվրոպական կողմին, մասնավորապես՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի ոլորտների վերաբերյալ։  Էկոնոմիկայի նախարարության անունից ուզում եմ ընդգծել նորարարության ոլորտում համագործակցությունը եւ աջակցությունը փոքր եւ միջին ձեռնարկություններին։   Մոտ ժամանակներս «Հորիզոն 20-20» համաձայնագրի շրջանակում տեղի կունենա Հայաստանի եւ ԵՄ-ի մեջ  «Կոսմե» համաձայնագրի ստորագրումը», - նշել է Ճշմարիտյանը։ Նախարարն ընդգծել է, որ  «Հորիզոն 20-20»-ը կարող է Հայաստանում նորարարական համակարգի հետագա զարգացման լրջագույն ռեսուրս դառնալ։ «Դա համահունչ է նաեւ գիտատար տնտեսության զարգացման հեռանկարների հետ՝ խնդիր, որն իր առաջ դրել է Հայաստանի կառավարությունը», - հավելել է Կարեն Ճշմարիտյանը։